«ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ քննարկվող բյուջեն կազմել եւ իրագործել է նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը պատգամավորն անվանեց «ամենասկանդալայինը» երրորդ հանրապետության պատմության մեջ։ Այդ առիթով Փաշինյանը կազմել էր Տիգրան Սարգսյանի կառավարության ամենասկանդալային իրադարձությունների թոփ տասնյակը։

10-րդ հորիզոնականում, ըստ Փաշինյանի, 2008թ. հոկտեմբերի 22-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունն էր, երբ նա առաջարկեց տնտեսական ճգնաժամի դեմ պայքարել դրա մասին հնարավորին քիչ խոսելով՝ նշելով, որ որքան շատ խոսենք դրա մասին, այնքան ավելի մեծ կլինի ճգնաժամի հավանականությունը։

«Երբ ճգնաժամն արդեն մտել էր մարդկանց տները, վարչապետը հույս ուներ, որ հնարավոր է դա շրջանցել։ Արդյունքում Հայաստանը 2009թ. գրանցեց 14,8 տոկոս տնտեսական անկում՝ այս ցուցանիշով 2-րդ տեղը զբաղեցնելով աշխարհում»,- հիշեցրեց Փաշինյանը։

Փաշինյանի կազմած հիթ-շքերթի 9-րդ հորիզոնականում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հայտնի արտահայտությունն է, երբ նա  խորհրդարանի մեկ երրորդի հասցեին ասաց՝ «ղալաթ են անում». «Եվ սա ասում էր մի կառավարություն, որը ժամանակ առ ժամանակ խոսում էր քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու մասին։ Ընդ որում, մինչեւ օրս որեւէ պատշաճ ափսոսանքի խոսք այդ կապակցությամբ չի հնչել»։

8-րդ հորիզոնականում «Տիգրան Սարգսյանի հարբած վիճակում հայտնվելն էր» հանրության առաջ Մարզահամերգային համալիրում կայացած միջոցառման ժամանակ։

«Ալկոհոլ օգտագործելու մեջ ոչ մի կրիմինալ չկա։ Բայց եթե մարդ ի վիճակի չէ գնահատել իր անձնական վիճակը, ինչպե՞ս էին մենք նրանից ակնկալում գնահատել երկրի տնտեսական վիճակը»,- ասաց Փաշինյանը։

2011թ. «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն Հայաստանից։ Որ այդ կրիտիկական զանգվածը մնա Հայաստանո՞ւմ, այստեղ անեն հեղափոխությո՞ւն»։ Սա, ըստ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի կառավարության սկանդալների հիթ շքերթի 7-րդ հորիզոնականում է։ Ընդ որում, վերջին երկու դեպքում էլ նախկին վարչապետը մինչեւ վերջ հերքեց, որ նման բան է ասել, կամ որ հարբած է եղել, թեեւ առկա էին ձայնագրությունները։ Փաշինյանի խոսքով՝ սա խոսում է հանրության հանդեպ նախկին կառավարության վերաբերմունքի մասին։

6-րդ հորիզոնականում գազի սկանդալն է, երբ կառավարությունը երկու տարի հանրությունից թաքցրել էր, որ Ռուսաստանից մատակարարվող գազը թանկացել է, ընդ որում, ըստ Փաշինյանի, սա արել էր մի նպատակով, որ մի կերպ գլուխ բերեն երեք ընտրությունները՝ քաղաքապետի, խորհրդարանական եւ նախագահական։

5-րդ հորիզոնականում արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրումն է, որի հետեւանքով, «երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների վրա դրվեց 11 մլրդ դրամի լրացուցիչ բեռ», չորրորդում՝ «Նաիրիտի» սկանդալը, երբ «Տիգրան Սարգսյանը 2006թ. լինելով ԱՊՀ միջպետական բանկի ռոտացիոն նախագահ՝ 70 մլն դոլարի վարկ տվեց «Ռայնովիլ» անունով մի անհայտ ընկերության, որը նույնիսկ գրասենյակ չուներ, իբր «Նաիրիտը» նորից աշխատեցնելու համար, արդյունքում «Նաիրիտը» հերթական անգամ սնանկացավ»։

«Ըստ մամուլի հրապարակումների, «Նաիրիտը» 300-400 մլն դրամի պարտք կուտակեց, այդ ընթացքում Տիգրան Սարգսյանի եղբայրը, լինելով «Նաիրիտի» փոխտնօրեն ստացավ աստղաբաշխական աշխատավարձ, իսկ աշխատողները մինչեւ հիմա չեն տացել իրենց մեկ տարվա աշխատավարձը»։

Երրորդ հորիզոնականում կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումն է, որը ըստ Փաշինյանի, «հակասահմանադրականության բոլոր ռեկորդները խփեց». «Դե պատկերացրեք, այդ համակարգը որքան էր հակասահմանադրական, որ նույնիսկ մեր ՍԴ-ն այն ճանաչեց հակասահմանադրական»։

2-րդ հորիզոնականում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պատմությունն էր, որի հետեւանքով, ըստ Փաշինյանի, մենք կանգնած են ավազանը կորցնելու եզրին. «Սա լրջագույն  էկոլոգիական աղետ է Հայաստանի համար, որի հետեւանքները մենք դեռ ամբողջությամբ չեն գիտակցում»։

Փաշինյանի հիթ շքերթի առաջին հորիզոնականում օֆշորային սկանդալն է.

«Տիգրան Սարգսյանի կառավարությունը գործարարներին է ներկայացնում անհայտ մարդու, իբր Սիերա Լեոնեում ադամանդի հանքեր ունի, մարդկանց համոզում է ներդրումներ կատարել, կառավարության միջնորդությամբ 10 մլն դոլարի վարկ է փոխանցում Կիպրոսի օֆշորային գոտի, որը փոշիանում է, ապա պարզվում է, որ 10 մլն դոլար ստացած ընկերությունը պատկանում է Տիգրան Սարգսյանին, տխրահռչակ գործարար Աշոտ Սուքիասյանին եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին»։

Փաշինյանը նկատեց, որ այս ամենի հետեւանքով Տիգրան Սարգսյանի կառավարության տարիներին մենք ունեցանք աղքատության աճ, բնակչության թվի  նվազում, օտարերկրյա ներդրումների կրկնակի նվազում։

«Եվ այս կառավարությունը իր հաշվետվութան մեջ գրել է՝ գործարարության ոլորտում մենք անցել ենք Ֆրանսիային։ Ինչպես ասում են՝ կանգ առ երկրագունդ, այստեղ իջնող կա»,- ելույթը եզրափակեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց հեգնել՝ նկատելով. «Հիթ շքերթն ավարտվեց, անցանք ելույթներին»։