ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդով վաճառելու ԴԱՀԿ որոշման օրինականությունը վիճարկող դատական նիստն անցավ դռնփակ եւ առանց մարզահամերգային համալիրի փաստաբանի մասնակցության։
«Ինձ դատարանում փաստաթուղթ առաջարկեցին ստորագրել, որ դատարանում տեղի ունեցածը չհրապարակվի որեւէ տեղ, այդ պատճառով ես հրաժարվեցի դատական նիստին մասնակցելուց, որեւէ ակնկալիք չունեմ, որ դատարանը դրական որոշում կկայացնի։ Եթե Վերաքննիչ դատարանը կայացնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը, ուղղակի մենք կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Հակոբյանը։
Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշումն իրենց չբավարարելու դեպքում իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան եւ միջազգային դատարաններ։
Քիչ անց դատական նիստերի դահլիճից դուրս եկան Ֆինանսների եւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, որոնք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է, եւ իրենք իրավունք չունեն հրապարակելու որեւէ տեղեկատվություն։
«Մարզահամերգային համալիրի այս ամբողջ գործընթացն անցնում է իրավախախտումներով, փորձում են ամեն ինչ թաքցնել, կոծկել, ինչպես տեսնում եք, նույնիսկ դատական նիստն է անցնում դռնփակ, դրա համար իզուր չէ, որ Պաշտպանության նախարարությանը բերեցին եւ մտցրեցին գործի մեջ, չնայած մենք որեւէ համապատասխան պայմանավորվածություն չենք ունեցել։ Ի սկզբանե գրավադրման պրոցեսը եղել է ֆինանսների նախարարության հետ, բայց պաշտպանության նախարարությանը կցեցին գործին, որ ամեն ինչ կատարվի գաղտնիության քողի տակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։
Նշենք, որ հունիսի 12-ը մարզահամերգային համալիրի երկրորդ աճուրդի վերջին օրն է, եւ դեռ գնորդ չի հայտնվել։ Յուրաքանչյուր աճուրդից հետո մարզահամերգային համալիրի գինը նվազում է 10%-ով։ Շինությունը մայիսի 19-ին վաճառքի էր հանվել 19 մլրդ 350 մլն դրամով, իսկ այժմ վաճառքի է դրվել 10 տոկոս պակաս գնով՝ 17մրդ դրամով:
Մարզահամերգային համալիրի աշխատակիցը նշեց, որ շինության աճուրդն անօրինական է, քանի որ այն կարող է աճուրդի հանվել միայն այժմյան սեփականատիրոջ՝ Հարություն Մուրադյանի համաձայնությամբ։
«Անօրինական է նաեւ հիմա աճուրդը շարունակելը,քանի որ եթե վեճ կա, եւ այդ վեճը դատարանում է, աճուրդը պետք է կասեցվեր, մինչեւ վեճի լուծումը»,-ասաց Կորյուն Գրիգորյանը։
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2004-ից ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում։
Հիշեցնենք, մարզահամերգային համալիրի տնօրինությունը կարծում է, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշի բաժնի կողմից աճուրդի վերաբերյալ որոշումն առ ոչինչ է՝ կայացման պահից, քանի որ ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի՝ չի կարող գոյություն ունենալ ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշի բաժին: Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների՝ ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական եւ տարածքային բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ: Քանի որ Երեւանն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երեւան քաղաքի բաժին, եւ համապատասխանաբար, վեց վարչական շրջանների բաժանմունք: Առ ոչինչ իրավական ակտն իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է: Վերհիշյալ հիմքերով էլ ընկերությունը դիմել է Վարչական դատարան:











