Քրիստոս Փրկչի հայտնի արձանը սավառնում էր Ավստրալիայի Մելբուռնի երկնքում: Երեքշաբթի այդ տեսարանի ականատեսն են դարձել մեգապոլիսի բնակիչները: Ըստ հեղինակների՝ օդապարիկը պետք է ոգեւորի ազգային հավաքականին՝ առաջիկայում Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, ինչպես նաեւ կոչ անի երկրպագուներին՝ հավատալ իրենց հավաքականին: Խաղը կսկսվի հունիսի 12-ին: Սան Պաուլուի «Կորինտիասի» խաղադաշտում կպայքարեն Բրազիլիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Չնայած՝ ոչ բոլորն են գնահատել այս ակցիան: Կրոնական խմբերն այն վիրավորական են համարել: Հատկապես հաշվի առնելով, որ Քրիստոսին մարզաշապիկ են հագցրել: Իսկ մարզական որոշ վերլուծաբաններ նույնիսկ կատակել են, ասելով, որ Ավստրալիայի հավաքականն իսկապես վերին ուժերի միջամտության կարիք ունի՝ Աշխարհի առաջնության թեկուզ մեկ խաղ հաղթելու համար, փոխանցում է NTD-ը:
Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում նույնպես «ֆուտբոլային տրամադրություն է»: Բուենոս Այրեսի կոթողը դարձել է կանաչ եւ ոսկեգույն: Աշխարհի առաջնությունն սկսվելուց երկու օր առաջ՝ Արգենտինան որոշել է մոռանալ Բրազիլիայի հետ իր վաղեմի մրցակցության մասին եւ նշել մարզական աշխարհի նշանակալից իրադարձությունը՝ կոթողը «ներկելով» Բրազիլիայի դրոշի գույներով: Միաժամանակ համանման քայլ է արել նաեւ Բրազիլիան: Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը դարձել է սպիտակ եւ երկնագույն՝ Արգենտինայի դրոշի գույներով: Այդկերպ, երկու երկրներն էլ արտահայտել են համագործակցության եւ աջակցության իրենց ցանկությունը: Բրազիլիան եւ Արգենտինան աշխարհի առաջնության երկու հավանական հաղթող թեկնածուներն են:





























