Բրիտանական Բորնմուտում սատկել է աշխարհի ամենածեր կատուն՝ 24-ամյա Փոփին: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը: Իր վերջին օրերին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված կենդանին տառապել է ջրային վարակով եւ հետեւի թաթերի խնդիրներով: Տերերը կենդանուն թաղել են իրենց տան այգում:
Հաղորդվում է, որ Փոփին մահացել է հունիսի 6-ին: Փոփիի տիրուհին՝ 43-ամյա Ջեքի Ուեսթը պատմել է, որ նա եւ իր ընտանիքը շատ են տխրել իրենց սիրեցյալի կյանքից հեռանալու առիթով, սակայն դա «սպասելի էր», քանի որ սատկելուց մի քանի օր առաջ կենդանին շատ վատ է իրեն զգացել: Ուեսթը պատմել է, որ անընդհատ հերթապահել է հիվանդ կատվին, իսկ ընտանիքի այլ կենդանիների մասին (4 կատուների, երկու ճագարների եւ ծովախոզուկի) հոգ են տարել ամուսինն ու որդիները, հաղորդում է Lenta.ru-ն:
Մինչեւ վերջին ժամանակներս Փոփիի առողջությունը մտահոգությունների առիթ չէր տալիս, թեեւ ծերության պատճառով նա խուլ ու համր էր դարձել: Կենդանուն դուր է եկել երկար զբոսանքները եւ առատ սնունդը (կատուների համար նախատեսված թխվածքաբլիթներ եւ պահածոներ), ինչը եւ տերերի կարծիքով, Փոփոիի երկարակեցության գաղտնիքն էր:





























