Վերջերս Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Քարլ Լեւինը եւ սենատոր Մայքըլ Բենեթը աջակցեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410-րդ բանաձեւին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Բացի Լեւինից եւ Բենեթից, 410-րդ բանաձեւին, որն ապրիլի 10-ին ընդունվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, աջակցեցին Սենատի մեծամասնական առաջնորդ Հարի Ռեյդը, Սենատի մեծամասնականի կազմակերպիչ Դիք Դարբինը, Հետախուզության հանձնաժողովի ընտրված նախագահ Դիանա Ֆեյնսթեյնը, Էթիկայի հանձնաժողովի ընտրված նախագահ Բարբարա Բոքսերը եւ սենատորներ Էդ Մարկին, Ջեկ Ռիդը եւ Շելդոն Ուայթհաուսը:
«Որպես Միչիգանի քաղաքացի` ես հպարտ եմ, որ գիտեմ սենատոր Լեւինին, ով շարունակում է պայքարել իր ամերիկահայ ընտրողների համար»,- հայտարարեց Միչիգանի պետական համալսարանի ուսանողուհի Անի Ստամբուլյանը, ով մասնակցում է Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրին Վաշինգտոնում: «Շնորհակալություն սենատոր Լեւին, Ձեր ձայնը տալու 1.5 մլն անձայն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից»,- հավելեց Ստամբուլյանը:
410-րդ բանաձեւը ներկայացվել է ապրիլի 3-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարք Քըրքի կողմից: Վերջինս նախկինում եղել է հայկական հարցերով զբաղվող հանձնախնբի համանախագահ Ներկայացուցիչների պալատում:
Հանձնաժողովի նախագահ Լեւին եւ սենատոր Բենեթը հաստատակամորեն աջակցում են ամերիկահայերի խնդիրներին, մասնավորապես Միացյալ Նահանգների`Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Լեւինը, ով այս տարի աշնանը թոշակի է անցում, աջակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերին իր 36-ամյա պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Սենատոր Բենեթը նույնպես աջակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկին բանաձեւերին՝ 2009թ.-ին Սենատ գալուց ի վեր:
«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին հիշելով ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կառավարման վերջին օրերին»,- սենատոր Բենեթը հաղորդեց Համագումարին` հավելելով. «Կյանքի աղետալի կորուստը, համակարգված սպանությունն ու անմեղ քաղաքացիների տեղահանումը սարսափելի եւ անհավատալի են: Մենք նաեւ վերահաստատում ենք մեր պարտավորությունը` վստահեցնելով, որ այսպիսի ողբերգություն երբեք չի կրկնվի»:
Միչիգանը եւ Կոլորադոն երկուսն են Միացյալ Նահանգների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43 նահանգներից, եւ երկուսն էլ արել են էական քայլեր, որոնք հաստատում են այս պատմական ճշմարտությունը: Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուպերը հռչակագիր է ստորագրել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2011թ.-ին, մինչդեռ Կոլորադոյի օրենսդիրը ընդունել է SJR 14-032 բանաձեւը, որով 2014թ. ապրիլի 24-ին նշվում է « Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակման օր»: Միչիգանի նախկին նահանգապետ Ջեյմս Բլանքարդը «Հայոց ցեղասպանության հիշատակման օրը» հռչակագիրը ստորագրել է 1990թ.-ին, մինչդեռ նահանգի օրենսդիրը 2002թ.-ին է ընդունել բանաձեւը, որով ամեն տարի ապրիլի 24-ին նշվում է որպես «Միչիգանում Հայոց ցեղասպանության հիշատակման օր»:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 410-րդ բանաձեւը այժմ սպասում է Սենատի քվեարկությանը: «Մենք կոչ ենք անում Սենատին ընդունել մարդու իրավունքների վերաբերյալ այս կարեւոր օրենսդրությունը»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:





























