Լարվածությունը Եվրոպայի խորհրդի եւ Ադրբեջանի միջեւ եւս մեկ աստիճանով բարձրացավ այն պահից, երբ այդ երկիրը ստանձնեց նախագահությունը Նախարարների խորհրդում: Դրա հետեւանքով Ստրաստբուրգում դադարեցվեց Ադրբեջանի նախագահությանը վերաբերվող գովազդային վահանակների շրջանառությունը: Ստրասբուրգում ընդունված է աջակցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությանը: Ասվում է ֆրանսիական Dernieres Nouvelles d'Alsace թերթում:
«Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից որեւէ մեկը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստանձնում է Նախարարների խորհրդի նախագահությունը:
Ստրասբուրգում 2009թ.-ից ընդգծված կերպով նշվում են որոշ միջոցառումներ` կապված ԵԽ Նախարարների խորհրդի նախագահության հետ: Սկզբում շատ խորհրդանշական ձեւով անցկացվում էր դրոշների բարձրացումը քաղաքապետարանի դիմաց` Բոժիլի հրապարակում, այնուհետեւ դրան ավելացավ բազմաթիվ տրամվայների շրջանառությունը, որոնք ներկված էին նախագահող երկրի դրոշի գույներով: Եվ ի վերջո, միջոցառումներին ավելացավ նաեւ համագործակցության շրջանակներում անցկացվող մշակութային ծրագիրը:
Շատ քննադատական վերաբերմունք երկրի նկատմամբ
Ադրբեջանի նախագահության համար ամեն ինչ սկսվեց իր հունով. Դրոշների բարձրացումը տեղի ունեցավ, ինչպես եւ պլանավորված էր, մայիսի սկզբին: Սակայն մի քանի օրից նոր միջադեպ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի շրջանակներում` Բաքվի մասնակցությամբ:
Ադրբեջանը մերժեց սոցիալիստական կուսակցության պատգամավոր, ֆրանսիացի Ռենե Ռուքեի վիզան, ով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ղեկավարում է ֆրանսիական պատվիրակությունը եւ ԵԽԽՎ փոխնագահն է: Նա պետք է նիստի մասնակցեր Ադրբեջանի մայրաքաղաքում: Ադրբեջանի կառավարությունը դա հիմնավորեց նրանով, որ Ռուքեն ավելի վաղ այցելել էր Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավ:
Որպես պատժամիջոց` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը որոշում կայացրեց չեղյալ հայտարարել երկու տարվա ընթացքում Բաքվում նախանշված բոլոր միջոցառումները:
Ադրբեջանը երկար տարիների ընթացքում մատնացույց է արվում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, որոնք Բաքվին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների եւ խոսքի ազատության սահմանափակումների համար: Բացի այդ, ապրիլին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը հանդես եկավ Ադրբեջանի վերաբերյալ բավական քննադատական զեկույցով:
Բայց Ստրասբուրգի քաղաքապետարանի կողմից Ադրբեջանի նախագահությունն ուղեկցող միջոցառումների չեղարկումը մարդու իրավունքների խախտում չէ: «Մենք Եվրոպայի խորհրդի նստավայր-քաղաք ենք», - բացատրում է Եվրոպական հարցերով պատասխանատու-օգնական Նավել Ռաֆիկը: -«Նույնիսկ եթե արձանագրվում են ժողովրդավարական գործունեության խախտումներ, մենք չենք կարող մեջքով պտտվել դեպի այդ երկիրը: Պետք է երկխոսել: Այս հարցերում մենք կարծիքների փոխանակում ենք սկսում, որպեսզի երկխոսության հնարավորություն ընձեռենք եւ ազդեցություն ունենանք: Սակայն Ռենե Ռուքեի պարագայում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի աշխատանքների խախտում, եւ մենք չենք կարող այն ընդունել»:
Այսպես, ստրասբուրգյան տրամվայներից հանվել են ադրբեջանական նախագահության խորհրդանիշները: Հանվել է նաեւ Ադրբեջանի նախագահության շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումները գովազդող վահանակը:





























