Իրաքի Մոսուլից հունիսի 10-ին լքած 65 հայ ընտանիքներից եւ ոչ մեկը չի դիմել Հայաստանի սփյուռքի նախարարությանը՝ Հայաստան տեղափոխվելու համար, նախարարությունն ինքն էլ չի պատրաստվում հրավիրել նրանց հայրենիք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

«Մենք հետեւում ենք ընթացքին: Կապվել ենք Իրաքի Ազգային իշխանությունների մեր ներկայացուցիչ Պարույր Հակոբյանի հետ, որն էլ մեզ ամբողջական տեղեկատվություն է տվել Մոսուլի դեպքերի մասին: Մոսուլում բնակվող 65 հայ ընտանիքները շարժվել են Քրդստանի ուղղությամբ, նրանք գնացել են այն համայնք, որտեղ կա հայ հոգեւորական, բավականին առայժմ ապահով է այդ համայնքը: Նրանց շատ լավ ընդունել են եւ այժմ նրանք մտածում են վերադառնալու մասին: Առայժմ ոչ մեկը մեզ չի դիմել, բայց մենք հետեւում ենք իրադարձություններին, եւ մտածում ենք, որ երեւույթները կարող են զարգանալ ոչ ցանկալի ուղղությամբ, եւ մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի նրանցից ով էլ գա Հայաստան, մեր միջոցները կարողանանք գործադրել եւ դիմավորել նրանց: Անում ենք ամեն ինչ, որպեսզի վատ զարգացումներին էլ պատրաստ լինենք»,- ասաց նա:

Սփյուռքի փոխնախարարի խոսքով` հաշվի առնելով նախկին դեպքերը, երբ իրենք պատրաստ չեն եղել` դիմավորելու Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցներին, այժմ նախապես պատրաստվում են, արդեն կան ընտանիքներ, ովքեր համաձայնվել են հյուրընկալել Մոսուլի հայերին: Մեր հարցին` հնարավոր է, որ Հայաստանն ինքը Մոսուլի հայերին հրավիրի հայրենիք, Սրապիոնյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք Պարույր Հակոբյանի հետ եւ փորձում ենք հասկանալ, թե մեր հայրենակիցները ցանկանում են վերադառնալ Հայաստան, թե ոչ: Եթե մենք նրանց հրավիրենք Հայաստան, ապա դա որոշ իմաստով դա քաղաքական երանգ կարող է ստանալ: Դրա համար մենք չենք կարող այդ մասին ասել, մենք սպասում ենք մեր հայրենակիցների ցանկությանը: Նրանք այս պահին իրենց ավելի ապահով են զգում Էլբիրում: Տուն, տեղ թողած մարդիկ են եւ բնականաբար, մտածում են տուն վերադառնալու, իրենց ունեցվածքին տեր կանգնելու մասին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրաքի Մոսուլի շրջանից հունիսի 10-ին հեռացել էին 65 հայ ընտանիքներ ահաբեկիչների պատճառով: Լիբանանում հրատարակվող «Ազդակ» պարբերականի փոխանցմամբ, խմբագրության հետ կապ էր հաստատել Իրաքի Ազգային իշխանության  պատասխանատուներից Պարույր Հակոբյանը եւ փոխանցել‚ որ Մոսուլի շրջանը գրավված է հակակառավարական ուժերի կողմից: