Այս շաբաթ Լոնդոնում ՄԹ Արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարար Ուիլիամ Հեյգն ու ՄԱԿ ՓԳՀ ի հատուկ դեսպանորդ Անջելինա  Ջոլին հյուրընկալում են «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաժողովը, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս կարեւոր եւ հաճախ անտեսված խնդրին:

Հայաստանը՝ աշխարհի այլ 147 երկրների հետ միասին, անցյալ տարվա սեպտեմբերին Ժնեւում ստորագրել է այս նախաձեռնությանը միանալու հռչակագիրը եւ ի դեմս Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանի այժմ ներկայացել է միջազգային համաժողովին:

Այսօր Երեւանում Բրիտանական դեսպանատունը՝ համաժողովին զուգահեռ,  իր շենքի պատի վրա ներկայացրեց  որմնանկար (Սթրիթ արթ), որը խորհրդանշում է Լոնդոնում ընթացող «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաժողովի գաղափարը, մեկ անգամ եւս ազդարարելու եւ ներկայացնելու խնդրի լրջությունը: ՄԹ դեսպան Քեթի Լիչը բացման արարողության ժամանակ նշել է.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարեւոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել:

Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը  պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ եւս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:

Բրիտանական դեսպանատան նախաձեռնությանը միացավ նաեւ Հայաստանում  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Յիփ Հեուգ Վին, ով նշել է, որ Հայաստանում իրենց գրասենյակը պարբերաբար աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ, մասնավորապես սիրիահայ համայնքի հետ: