Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 11-ին, Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ եւ նրա հետ քննարկել հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարեւորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման կարեւոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարեւորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման գործում եւ այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջեւ կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաեւ իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարեւորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը:
Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաեւ Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջեւ 2013թ. ապրիլի 30-ին Երեւանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը հանդիսանում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասը եւ օգտվում է Վիեննայի կոնվենցիայով եւ դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից եւ անձեռնմխելիությունից:
































