Մատենադանի դիմացից այսօր՝ հունիսի 11-ին, երեկոյան 19։30-ի մոտ մեկնարկած կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության սատարման երթը սկսվեց ոստիկանների հետ վիճաբանությամբ։ Կորյունի փողոցում ակտիվիստները իրենց հետ բերած մեծ պաստառը ամբողջությամբ պարզելու համար փորձում էին փողոցի ավելի լայն տարածքով քայլել։ Ոստիկանները նրանց թույլ չտվեցին դա անել՝ պահանջելով, որ բաց պահեն երթեւեկությունը։ Սկսվեց վիճաբանություն, ի նշան բողոքի ակտիվիստների մի մասը նստեց փողոցում, սակայն բախումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, շարունակեցին երթը՝ չխոչընդոտելով երթեւեկությունը։ (ֆոտոռեպորտաժ)

Նրանք մի քանի րոպե կանգնեցին Բժշկական համալսարանի դիմաց՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկում, եւ բարձրախոսով համալսարանի ղեկավարությանը կոչ արեցին վերջ տալ ապօրինություններին։

«Դուք ճնշում եք գործադրում բժիշկների նկատմամբ։  Նախ պետք է ձեր հոգիները բուժենք մեծապատիվ մուրացկանի հոգեբանությունից»,- բարձրախոսով հայտարարեցին նախաձեռնության անդամները, ապա վանկարկեցին «ամոթ, ամոթ» եւ սուլեցին։

Այս պահին սատարման երթի մասնակիցները Աբովյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք վանկարկում են՝ «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի»։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են իրենց անձնագրերը եւ անձնագրի առաջին էջի խոշորացված պատճեն, որեսզի ցույց տան, որ իրենք ՀՀ քաղաքացիներ են եւ հետեւաբար իրենք են իրենց երկրի տերը։

Հիշեցնենք, որ երթի նպատակն է , որի նպատակն է սատարել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են, որ իրենց գործատուները ճնշում են գործադրում իրենց նկատմամբ և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել:

Նման ահազանգերի մեծ մասը ստացվում են բժշկության եւ կրթության ոլորտներից, այդ պատճառով էլ այսօրվա ակցիայի պաստառների հիմնական հասցեատերերը Կրթության եւ գիտության, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարներն են, նաեւ Երեւանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 26-ին և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նոր օրենքի՝ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել համակարգին, կարող են դիմումներ ներկայացնել իրենց գործատուներին՝ պահումներ չկատարելու պահանջով:

Նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Դեմ եմ» նախաձեռնությունը ահազանգեր էր ստացել, որ շատ գործատուներ աշխատակիցներին ճնշում են և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել: Ահազանգեր էին եղել մի քանի դպրոցներից, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո»-ից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից: