Մատենադանի դիմացից այսօր՝ հունիսի 11-ին, երեկոյան 19։30-ի մոտ մեկնարկած կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության սատարման երթը երկրորդ անգամ ընդհատվեց ոստիկանների հետ բախումներով։

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկում ակցիայի մասնակիցները կրկին փորձեցին քայլել փողոցի ամբողջ լայությամբ, որպեսզի ամբողջությամբ բացեն իրենց պաստառը, սակայն ոստիկանները կրկին արգելեցին դա անել, ինչպես եղել էր Կորյուն փողոցում։

Սկսվեց վիճաբանություն, ակտիվիստներին ոստիկանները հրելով հեռացրին ճանապարհից՝ երթի լայնությունը նեղացնելով ճանապարհի երթեւեկելի մասի մի հատվածի վրա եւ ավելի ամրացրին ոստիկանական պատը։ Ի նշան բողոքի, ակտիվիստները մի մասը կրկին նստեց փողոցում։

Այս պահին ոստիկանները բանակցում են ակցիայի մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ երթի նպատակն է սատարել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են, որ իրենց գործատուները ճնշում են գործադրում իրենց նկատմամբ և թույլ չեն տալիս կուտակային կենսաթոշակի պահումներ չկատարելու համար դիմումներ գրել:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 26-ին և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նոր օրենքի՝ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել համակարգին, կարող են դիմումներ ներկայացնել իրենց գործատուներին՝ պահումներ չկատարելու պահանջով:

Նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Դեմ եմ» նախաձեռնությունը ահազանգեր էր ստացել, որ շատ գործատուներ աշխատակիցներին ճնշում են և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել: Ահազանգեր էին եղել մի քանի դպրոցներից, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո»-ից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից: