2012 թվականին  «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» գերմանական հասարակական կազմակերպության (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հետ համատեղ սկսել է Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսեւորումների եւ դրանց հասարակական ներկա ընկալումների բացահայտմանն ուղղված մի ծրագիր:  Ծրագիրն ուղղված է Խորհրդային Հայաստանի բնակչության մեջ ամբողջատիրության սոցիալ-մշակութային եւ սոցիալ-հոգեբանական դրսեւորումների, խորհրդային առօրյայի ձեւավորման գործընթացի վերհանմանը, եւ նպատակ է հետապնդում հետազոտության արդյունքների հանրայնացման միջոցով նպաստել բռնատիրական համակարգի թողած հետեւանքների բացահայտմանը եւ մեղմմանը:

Ծրագիրը կոչվում է «Armenia total(itar)is» (Ամբողջ(ատիր)ական Հայաստան): «Total(itar)is» եզրով փորձել ենք ընդգծել, որ ուսումնասիրության առարկա են դառնում «ամբողջատիրության» դրսեւորումներն ու «ամբողջատիրական» ժամանակաշրջանի խնդիրներն «ամբողջ» Հայաստանում՝ իր տարբեր առօրյա ոլորտներում:

Ծրագիրը հիմնված է բանավոր պատմության մեթոդաբանության վրա, որի դեպքում հետազոտության հիմնական աղբյուրը մարդիկ են՝ իրենց ապրած կյանքով, լինեն նրանք ամբողջատիրական ժամանակաշրջանի ուղղակի կամ անուղղակի զոհերը, թե նրանց ժառանգները: