Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները հունիսի 11-ի սատարման երթն ավարտեցին կառավարության շենքի մոտ։ Նրանք գործադիրի շենքի մոտ կանգնած վանկարկում էին «ամոթ, ամոթ» եւ սուլում, երբ կառավարության շենքից դուրս եկավ եւ նրանց մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Վարչապետն առաջարկեց խոսել նրանց պահանջների մասին, սակայն ակցիայի մասնակիցները ի պատասխան միայն սուլեցին եւ վանկարկեցին՝ «ամոթ»։ Նրանք հրաժարվեցին խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, բարձրախոսով հայտարարեցին, որ իրենք չեն եկել խոսելու, այլ ասելու, որ կառավարության աշխատանքը գնահատում են 0։

Նրանք հայտարարեցին, որ Կենսաթոշակի մասին նոր օրենքում կուտակային կենսաթոշակը պետք է ամրագրվի որպես միայն կամավոր բաղադրիչ, հակառակ դեպքում իրենց շարժումն ավելի հզորանա. «Կոչ ենք անում զբաղվել այս հարցերով, որպեսզի չլինեն անակնկալներ ժողովրդի համար եւ արտառոց անակնկալներ ձեզ համար»։

«Ձեզ չեն ենթարկվում անգամ ձեր ենթակաները։ Դուք չեք կարողանում աշխատել, դուք խաբում եք մարդկանց։ Դուք թալանում եք մարդկանց։ Բայց մարդիկ բութ չեն, անգրագետ չեն եւ պահանջատեր են։ Բայց մենք ստիպելու ենք ձեզ ենթրարկվել քաղաքացիների կամքին։ Մենք արմատախիլ ենք անելու սովետական ժամանակներից ձեր գեների մեջ մնացած ստրկամտությունը»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը։

Մինչ Հովիկ Աբրահամյանը սպասում էր, որ իր հետ ցուցարարները կխոսեն, նրանք անընդհատ բարձրախոսով հայտարարում էին. «Ժողովուրդ ջան, հանգստացեք, ոչ մի արտառոց բան չի եղել»։

Ակցիայի մասնակիցներն այդպես էլ ոչ մի բառ չխոսեցին Հովիկ Աբրահամյանի հետ, հայտարարեցին, որ ակցիան ավարտվել է եւ հեռացան՝ իրենց ձեռքի պաստառները գցելով կառավարության շենքի մոտ։

Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ, նա վստահեցրեց, որ կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմումները ընդունում են բոլորը, իսկ չընդունողները աշխատանքից կհեռացվեն։

Նշենք, որ ակցիայի մասնակիցներն անընդհատ սուլում էին, թմբկահարում, ինչի պատճառով Հովիկ Աբրահամյանը չէր լսում նույնիսկ լրագրողների հարցերը։

Տեսնելով, որ իրեն ակցիայի մասնակիցներից ոչ ոք իր հետ խոսելու մտադրություն չունի, Հովիկ Աբրահամյանը վերադարձավ կառավարություն։

Նշենք, որ երթի նպատակն էր սատարել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են, որ իրենց գործատուները ճնշում են գործադրում իրենց նկատմամբ և թույլ չեն տալիս կուտակային կենսաթոշակի պահումներ չկատարելու համար դիմումներ գրել:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 26-ին և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նոր օրենքի՝ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել համակարգին, կարող են դիմումներ ներկայացնել իրենց գործատուներին՝ պահումներ չկատարելու պահանջով:

Նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Դեմ եմ» նախաձեռնությունը ահազանգեր էր ստացել, որ շատ գործատուներ աշխատակիցներին ճնշում են և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել: Ահազանգեր էին եղել մի քանի դպրոցներից, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո»-ից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից: