ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հունիսի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

 Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:

Դեսպան Մնացականյանը եւ Բան Կի-Մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվել է հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձեւաչափի անփոխարինելիությունը:

Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը եւս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում եւ իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության առջեւ ծառացած առանցքային խնդիրների լուծմանը: