Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով այսօր՝ հունիսի 12-ին ժամը 12։00-ին մեկնարկող դատական առաջին նիստից երկու ժամ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով դատական կարգադրիչներ են այս պահին կանգնած դատարանի առջեւ։ Դատարանի բակում նաեւ ոստիկանական մեքենաներ են կանգնած, մեծ թվով ոստիկաններ կան։
Նշենք, որ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը NEWS.am-ում կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























