Amazon ընկերությունը երաժշտության հոսքային լսման Prime Music ծառայությունն է թողարկել, որի պրեմիում-բաժանորդները տարեկան 99 ԱՄՆ դոլարի դիմաց երաժշտադարանի, տեսածառայության, Kindle գրադարանի, ինչպես նաեւ օնլայն խանութից գնումների առաքման ընդլայնված ծառայությունների հասանելիություն կստանան:

Մինչ այդ ակնկալվում էր, որ երաժշտական բաղադրիչը բաժանորդագրության վարձը 119 դոլար է դարձնելու: Prime Music-ով հետաքրքրված օգտատերերը կարող են գրանցվել եւ 30 օր տեւողությամբ փորձաշրջանի ընթացքում անվճար երաժշտություն լսել, հաղորդում է Vesti.ru-ն:

Ծառայության նկարագրության մեջ ասվում է, որ այն «անսահմանափակ եւ գովազդ չպարունակող հասանելիություն է ապահովում մեկ միլիոնից ավել երգերի եւ հարյուրավոր երգացանկերի նկատմամբ»: Դա ավելի քիչ է, քան, օրինակ, Spotify-ն է առաջարկում: Որոշ տվյալներով, Amazon-ի երգացանկի «աղքատ» բաղադրության պատճառն այն է, որ ընկերությունը պայմանագրեր է կնքել Sony-ի եւ Warner Music-ի հետ, սակայն Universal Music Group-ի հետ արտոնագրային համաձայնագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել: