ԱՄՆ Օկլահոմա նահանգի օրենսդիր մարմնի ընտրություններին հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու, գործարար Սքոթ Էսկը հավանություն է տվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ֆիզիկական պատժի ենթարկելու գաղափարին, հաղորդում է The Huffington Post-ը: Սկանդալը ծագել է, երբ պարբերականի թղթակից Ռոբ Մորիսին հաջողվել է թեկնածուի` Facebook-ի օգտատերերից մեկի հետ անցյալ տարի տեղի ունեցած նամակագրությունը հայտնաբերել, որտեղ պահպանողական «Թեյախմության շարժման» հետեւորդ Էսկը հայտարարել էր, թե նույնասեռականներին քարերով ծեծամահ անելը «սեռական այլանդակության» միանգամայն համարժեք արձագանք է համարում, հաղորդում է Lenta.ru-ն:
Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքական գործիչը մեկնաբանել է, թե բացառապես Հին Կտակարանի պատգամներով է առաջնորդվում: Բարքերի անկում մատնանշելով, նա, այդուհանդերձ, հավաստիացրել է, թե չի պատրաստվում Օկլահոմայի օրենսդրության մեջ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար պատիժներ սահմանել` նշելով, որ այդպիսի հարցերը պետք է շրջանային եւ քաղաքային վարչակազմերի մակարդակով լուծվեն:





























