Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական  հարաբերությունների ներկայիս մակարդակից եւ կարեւորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը:  Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի կառավարության կողմից շուրջ 464 մլն եվրոյին համարժեք ֆինանսական եւ տեխնիկական օգնության տրամադրումը: Վարչապետը նաեւ նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ջերմ հարաբերություններ են ձեւավորվել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ եւ ընդհանրապես, առկա է միջխորհրդարանական բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն:

 Իր հերթին Կարլ Լամերսը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր երկիրը միշտ բարձր մակարդակով է ներկայացված եղել եւ ի դեմս Հայաստանի նա տեսնում է լավ բարեկամի, հուսալի գործընկերոջ:

 Հանդիպման ընթացքում պարոն Լամերսի խնդրանքով վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ինտեգրացիոն գործընթացներին (Մաքսային միություն, Եվրոպական միություն) Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ներկայացրել տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, հարեւան երկրների հետ հարաբերությունների ընթացքը եւ զարգացումները: Երկուստեք կարեւորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել եւ էլ ավելի բարձրացնել Եվրամիության հետ հարաբերություններում ձեռք բերված որակն ու դինամիկան: Դա հնարավորություն կտա շարունակել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները եւ հասնել գործակցության ավելի բարձր մակարդակի: Պարոն Լամերսը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցել մեր երկրին ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու գործում: