Իրաքում գործող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները ազատել են թուրք 28 վարորդների, որոնց առեւանգել էին հունիսի 10-ին: Սակայն ազատվելուց անմիջապես հետո վարորդներին առեւանգել է մեկ այլ ծայրահեղական խմբավորում, հինգշաբթի տեղի հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի բեռնափոխադրումների միջազգային կազմակերպության  տնօրենների խորհրդի նախագահ Ֆաթիհ Շեները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Շեների՝ ընկերության ներկայացուցիչներն արդեն կապվել են առեւանգիչների հետ: «Փրկագնի շուրջ բանակցություններ են սկսվել», - ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Ըստ որոշ տվյալների՝ ծայրահեղականները վարորդներին ազատելու դիմաց պահանջում են մի քանի միլիարդ դոլար:

Միեւնույն ժամանակ Anatolian News-ը փոխանցել է, որ առեւանգված վարորդներից մեկը չորեքշաբթի կարողացել էր զանգահարել իր հարազատներին: Նա հայտնել էր, որ ծայրահեղականներն իրենց չեն տանջում: Ըստ նրա՝  պատանդներից ոչ ոք չի տուժել: