Ավելի քան երկու հարյուր իրաքցի կանայք Դիալա նահանգի ինքնապաշտպանական ջոկատներին են անդամագրվել: Այս մասին, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունն է հաղորդում: Կանայք հայտարարել են, որ պատրաստվում են զենքը ձեռքին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին դիմակայել:

Կանանց ինքնապաշտպանական ջոկատների առանցքում «Իրաքի կանայք» շարժման անդամներն են: Այս կազմակերպությունը 2007թ.-ին է հիմնադրվել` ահաբեկչական խմբավորումների կողմից իգական սեռի ներկայացուցիչների հավաքագրումը կանխելու նպատակով:

Դիալա նահանգը Բաղդադից հյուսիս-արեւելք է գտնվում: Այդ եւ հարակից ռեգիոնների բնակիչները մտավախություն ունեն, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման` վերջերս Մոսուլ եւ Տիքրիտ քաղաքները գրաված եւ ներկայումս երկրի մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող գրոհայինները կարող են նաեւ իրենց տարածք ներթափանցել: