ՀԱՊԿ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը հունիսի 10-ին Մոսկվայում համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ռազմական գերատեսչությունների ղեկավարները արտաքին սպառնալիքի առկայության դեպքում փոխադարձ աջակցության հնարավոր տարբերակներ են քննարկել:
ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Արկադի Բախինի խոսքով, մասնավորապես Աֆղանստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրադրությունն է քննարկվել: «Չէինք կարող «գունավոր հեղափոխությունների» հետ կապված մեր անհանգստությունը չհայտնել. այդ նորահայտ փորձանքն արդեն հասցրել է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ հետխորհրդային տարածքի` հարեւան երկրների գլխին ջարդվել», - նշել է պաշտոնյան:
Բախինի խոսքով, «գունավոր հեղափոխությունները» քաղաքական լանդշաֆտի ապակայունացման նշանակալի գործոն են դարձել: Առանձին պետությունների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրները հաճախ արտաքին ուժերի համար գործիք են դառնում` անհաճո կառավարություններին հեռացնելու համար:





























