ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը ծրագրում է իր 90-ամյակին ցատկել պարաշյուտով, փոխանցում է Associated Press-ը:
Այս մասին ԱՄՆ-ի 41-րդ նախագահը գրել է իր թվիթերում: Գործակալությունը նշում է, որ ծննդյան օրը նման էքստրեմալ կերպով նշելը մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվել, որպեսզի նախագահը ցատկը հետաձգելու հնարավորություն ունենա:
Սպասվում է, որ Բուշ ավագը ցատկը կիրականացնի Մեն նահանգի Քենեբանքփորթ քաղաքում գտնվող իր տնից մի փոքր հեռվում: Ըստ նախկին նախագահի մամուլի քարտուղարի՝ Բուշ ավագը սիրում է սուր զգացողություններ, չնայած որ վերջին ժամանակներս շարունակում է գամված մնալ հաշմանդամի սայլակին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հինգ տարի առաջ նախկին նախագահը այդպես էր նշել նաեւ իր 85-ամյակը: Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ իր ցատկերով Բուշ ավագը ցանկանում է ցույց տալ, որ տարեց մարդիկ նույնպես կարող են սպորտի ակտիվ եւ էքստրեմալ տեսակներով զբաղվել՝ չնայած տարիքին:





























