Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող որեւէ դերակատարում ունենալ Իրաքում տիրող իրադրության լիցքաթափման գործում: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, հիշյալ հայտարարությունը հունիսի 12-ին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսին դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն է հնչեցրել:
Գլխավոր քարտուղարը դատապարտել է Իրաքում տիրող լարվածությունը եւ գրոհայինների կողմից պատանդ վերցված Թուրքիայի 80 քաղաքացիներին ազատ արձակելու կոչով հանդես եկել, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ոչինչ չի կարող արդարացնել այդ հանցագործությունը», - ասել է նա` հավելելով, որ դաշինքն ուշադիր հետեւելու է երկրում տիրող իրադրությանը:
Հիշեցնենք` հունիսի 10-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամանակ պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգի վարչական կենտրոնը համարվող Մոսուլ քաղաքը, հարեւան Քիրկուկ նահանգի մի շարք փոքր բնակավայրեր եւ Սալահ-էդ-Դին նահանգի մի մասը` վարչական կենտրոն համարվող Տիգրիտ քաղաքի հետ միասին:
Բացի այդ, իսլամիստները տասնյակ թուրքերի են պատանդ վերցրել, որոնց դիմաց 5 մլն դոլարի չափով գլխագին են պահանջում:





























