Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շնորհակալություն հայտնելով մայիսին Գերմանիա կատարած այցի ժամանակ ցուցաբերած հյուրընկալության համար։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական կողմի  նախաձեռնությամբ տեղի ունեցած Էրդողան-Մերկել հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը կարեւորել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Գերմանիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար ընտրություն կատարելու մեխանիզմների ստեղծումը, ինչին Անգելա Մերկելը դրական է պատասխանել։

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Մոսուլում տեղի ունեցող իրադարձությունները եւ ահաբեկչների ձեռքում գտնվող Թուրքիայի քաղաքացիների անվտանգ հայրենիք վերադառնալու խնդիրները։

Նշվում է, որ Մերկելը նշել է, թե հետեւում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին եւ առաջիկայում եւս կապի մեջ է լինելու թուրքական կողմի հետ։