ԵՄ անդամ-երկրները հավանություն են տվել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնին առաջադրված Հերբերտ Զալբերի թեկնածությանը: Հիշյալ պաշտոնում նա Ֆիլիպ Լեֆորին կփոխարինի:

Նշանակումից հետո Զալբերը հունիսի 17 - ից 18 - ը Ժնեւում կայանալիք քննարկումներին որպես ԵՄ-ն ներկայացնող համանախագահ կներկայանա:

Գերմանացի դիվանագետը Բելգրադում, Վիենայում, եւ Մոսկվայում է աշխատել, գլխավորել է ԵԱՀԿ Ալմաթիի գրասենյակը եւ նույն կազմակերպության հակամարտությունների կանխարգելման գրասենյակի տնօրենի պաշտոնը զբաղեցրել:

«Ուրախ եմ` դեսպան Զալբերի նշանակման մասին լուրը հայտնելու համար: Նրա հարուստ փորձը եւ գիտելիքները ԵՄ-ի համար նշանակալի արժեւորում ունեն, եւ ես անհամբերությամբ եմ սպասում նրա նոր դերակատարման մեկնարկին», - հայտարարել է ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: