Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները հրաշալի են, Հայաստանը մեծ ներդրում է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի ISAF, KFOR առաքելություններում, եւ այդ փոխգործակցությւնը որեւէ կերպ կախված չէ նրանից, թե Երեւանը որոշել է անդամակցել Եվրասիական միությանը: Այդ մասին NEWS.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը:

Նրա խոսքով, եթե Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային կամ Եվրասիական միություններին, դա իր իրավունքն է: «Եթե Հայաստանը, մյուս կողմից, ասում է, թե ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի հետ, դա իր որոշում է, եւ մեր դռները բաց են: Մենք դիտարկում ենք լավագույն տարբերակն այնպիսի երկրի համար, ինչպիսին հայաստանն է, առաջ գնալու համար: Մենք սպասում ենք դրան եւ, հուսով եմ, առանց որեւէ ճնշման ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: ԵթեՀայաստանը որոշի Եվրոպական միության հետ համագործացության ձեւաչափ գտնել, մենք կասենք՝ «Այո, դռները բաց են»,- ընդգծել է Լամերսը:

Հարցին, թե արդյոք Հայաստանի վրա Ռուսատստանի կողմից ճնշում է գործադրում, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահն ասաց, թե Հայաստանում խոսելէ  շատերի հետ եւ նրանք ունեն այդ տպավորությունը: «Երկրի պաշտոնատար անձինք ինձ ասացին, որ Եվրասիական միություն անդամակցելու որոշումը եղել է Հայաստանինը, եւ ես պետք է ընդունեմ դա: հուսով եմ, որ չկա ճնշում Ռուսաստանի կողմից, եւ, կարծում եմ, մի այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հնարավոր չէ այլեւս ազդեցության ոլորտներ ստեղծել: Անկախ, ինքնիշխան պետությունները իրենք են որոշում ապագայի իրենց ճանապարհը առանց որեւէ ճնշման»,- ասել է Լամերսը: