ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հհունիսի 12-ին հայտարարել է, որ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձեւի լսումները եւ քվեարկությունը նախատեսվում է հունիսի 18-ին` չորեքշաբթի,հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Ավելի վաղ այս շաբաթ, Ջիմ Քոստան, Դեյվիդ Սիսիլինը եւ Ադամ Շիֆը աջակցեցին 4347 բանաձեւին, ինչով ավելի հավանական դարձրեցին այն, որ Ներկայացուցիչների պալատը կվավերացնի այս կարեւոր միջազգային կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը:
2011թ. դեկտեմբերի 13-ին նմանատիպ բանաձեւ (306 բանաձեւը) ընդունվեց Ներկայացուցիչների Պալատի կողմից: Այս նոր քայլը, այնուամենայնիվ, ավելի խորքային է, քան 2011թ.-ին ընդունվածը, քանի որ այն «պահանջում է ԱՄՆ պետքարտուղարությունից տրամադրել ամենամյա զեկույց Կոնգրեսին, թե ԱՄՆ կառավարությունն ինչ ջանքեր է գործադրել ուսումնասիրելու ու ապահովելու Թուրքիայի Հանրապետությունում ու հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի կողմից բռնազավթված տարածքներում գողացված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված քրիստոնեական ունեցվածքի վերադարձի, պաշտպանության վերականգման հարցում»:
Մի քանի ամիս առաջ, Հայ ազգային ինստիտուտը (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանի (AGMA) եւ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հետ համատեղ` համագործակցելով Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի, Երեւանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի հետ, ներկայացրեցին մի կարեւոր ցուցահանդես, որը բաղկացած է ավելի քան 150 պատմական լուսանկարներով 20 վահանակներից, որոնք փաստում են հայոց եկեղեցու կարեւորությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ:
«Առաջին փախուստը եւ վերջին պաշտպանությունը. Հայոց եկեղեցին, Էջմիածին, եւ Հայոց Ցեղասպանությունը» վերնագրով ցուցահանդեսը մեկնաբանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարեւորությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ: Այն նաեւ քննում է հոգեւորականների կողմից կատարած էական առաջնորդական դերը Հայոց Ցեղասպանության ժամանակ, հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գեւորգ Ե Սուրենյանցի կարեւոր միջամտությունը, երբ նա տեղեկացրեց աշխարհի առաջնորդներին կոտորածների մասին՝ տրամադրելով վերահաս ցեղասպանության առաջին «վաղ ահազանգը»:
Որպես իր բազմաթիվ բացահայտումների մաս` 4347 բանաձեւում ասվում է, որ. «Թուրքիայի Հանրապետությունում եւ Կիպրոսի գրավված տարածքներում քրիստոնեական եկեղեցիներին ու համայնքներին շարունակում են կանխարգելել լիարժեք կերպով հետեւել իրենց հավատքին եւ նրանք հանդիպում են լուրջ խոչընդոտների` վերահաստատելու լիարժեք օրինական, վարչական եւ գործառնական վերահսկողություն գողացված, ունեզրկված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված եկեղեցիների եւ այլ կրոնական ունեցվածքների ու վայրերի վրա: Շատ դեպքերում իրավասու քրիստոնյա եկեղեցական իշխանություններին, ներառյալ` համապատասխան Սուրբ աթոռներին, որոնք տեղակայված են Թուրքիայից եւ Թուրքիայի կողմից գրավված տարածքներից դուրս, խոչընդոտել են պաշտպանել, վերանորոգել կամ այլ կերպ հոգ տանել իրենց վաղեմի հայրենիքի սուրբ վայրերը, քանի որ այդ սեփականությունները ոչնչացվել են, ունեզրկվել, փոխակերպվել են մզկիթների, պահեստների կամ թանգարանների, կամ միտումնավոր անտեսվել են»:
Ամերիկայի Հայկական Համագումարը մեծապես աջակցում է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձեւի արագ ընդունմանը եւ կոչ է անում Կոնգրեսի բոլոր անդամներին կանգնել նրանց կողքին, ովքեր փորձում են պաշտպանել կրոնական ազատությունը,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացումը Թուրքիայի պետության` Հայոց ցեղասպանության ժխտման բազմաթիվ հետեւանքներից մեկի վառ հիշեցումն է»:





























