Նախկին սենատոր, մաֆիայի հետ կապեր ունենալու համար ազատազրկման դատապարտված Մարչելլո Դել Ուտրիին Լիբանանից Իտալիայի իշխանություններին են արտահանձնել:

Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մերձավորը համարվող Դել Ուտրին հայրենի Պալերմո քաղաքում, գրեթե 20 տարի ձգված դատական գործընթացներից հետո, ի վերջո յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել: Չսպասելով Իտալիայի բարձրագույն դատական ատյանի` վճռաբեկ դատարանի որոշման հրապարակմանը, նախկին սենատորն անհետացել էր: Մի քանի օր անց նրան Բեյրութում էին հայտնաբերել, որի հիվանդանոցներից մեկում էլ մինչեւ վերջերս գտնվում էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատապարտյալը Լիբանանում ապաստան գտնելու որոշում էր կայացրել այն պարզ պաշտճառով, որ այդ երկիրը մաֆիայի հետ կապ ունենալը քրեական հանցագործություն չի համարում: Այդուհանդերձ, բոլոր դատական ակտերի արաբերեն թարգմանությունից հետո Լիբանանի իշխանությունները 72-ամյա քաղաքական գործչին արտահանձնելու համաձայնություն էին տվել: