ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը հունիսի 16-18-ը այցով կգտնվեն Հայաստանում:
Նրանք բանակցություններ կվարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության եւ արտաքին գործերի նախարարների տեղակալների եւ օմբուդսմենի տեղակալի հետ, հայտնում է ԵԽԽՎ-ի կայքը։
Համազեկուցողները կհանդիպեն նաեւ քաղաքական կուսակցությունների եւ դատական իշխանությունների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների հետ:
Քննարկումները հիմնականում կվերաբերեն քաղաքական վերջին իրադարձություններին, սահմանադրական բարեփոխումներին, այլընտրանքային ծառայության, գենդերային հավասարության հարցերին, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների հարցերին, ինչպես նաեւ ոստիկանությանը եւ դատական բարեփոխումներին:





























