Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` հունիսի 13-ին, ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական հարցերի բաժնի ղեկավար Թոմաշ Դեմսկուն:
Հյուրերը շնորհավորել են նորանշանակ նախարարին: Անդրեյ Սորոկինը հետագա արդյունավետ համագործակցության հույս է հայտնել` ընդգծելով երկու կառույցների միջեւ ունեցած տարիների համագործակցության եւ հաջողությամբ իրականացված ծրագրերի փորձը:
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել շնորհավորանքի համար եւ հավաստիացրել, որ ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ կշարունակվի արդյունավետ համագործակցութունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները եւ զարգացման հեռանկարները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնել սեփական գործունեությամբ ամրապնդել եւ զարգացնել կողմերի միջեւ համագործակցությունը:





























