Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար, գործարար Իգոր Կոլոմոյսկիի առաջարկած` Ռուսաստանից պատով առանձնանալու մասին գաղափարը վերջինիս հոգեկան խանգարման մասին է վկայում: Տեղեկությունը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանն է հաղորդել:
«Կոլոմոյսկին կարող է սրտի ուզածը անել, բայց թող նախ Ուկրաինա հեռանա: Որովհետեւ Դնեպրապետրովսկը ռուսական է: Թող ուկրաինական հողերում` Լվովում, Տերնոպոլում, Իվանո-Ֆրանկովսկում փշալարեր անցկացնի: Իսկ ռուսական հողում թույլ չենք տա նույնիսկ երկու լար իրար կապել: Ոտք ու ձեռքից կընկնի», - հայտարարել է Ժիրինովսկին:
Սկանդալային կուսակցապետը նաեւ նշել է, որ ամբողջ աշխարհը, Կոլոմոյսկիի եկամուտների աղբյուրը պարզելու փոխարեն, նրա «գերապուշ» առաջարկությունն է քննարկում:
«Այնտեղ իշխանության ղեկին հիվանդ մարդիկ են կանգնած: Բայց բոլորի վերջն եկել է: Նրանք տրիբունալի առաջ են կանգնելու», - հայտարարել է Ժիրինովսկին:





























