Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Շվեդական կրթական առաջնայնություն» /Education Frist/ ընկերության պատվիրակությանը:

Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների եւ դասավանդող ուսուցիչների համար եւ պատրաստ է վերապատրաստման ծրագիր իրագործել Հայաստանի դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար: Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առաջարկը հետաքրքրում է հայկական կողմին, ծրագրի ֆինանսավորման եւ իրականացման հնարավորությունները կքննարկվեն՝ նախարարության կողմից առաջարկն ուսումնասիրելուց հետո: Նշենք, որ շվեդական հիշյալ դպրոցի լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ նախկին ԽՍՀՄ կազմում եղած որոշ պետություններ՝ մասնավորապես Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը: