Թաիլանդի զինվորական կառավարությունը երկրի ողջ տարածքում պարետային ժամի վերացման մասին հայտարարությամբ է հանդես եկել: Խաղաղության եւ կարգուկանոնի ազգային խորհրդի համապատասխան հայտարարությունն այսօր` հունիսի 13-ին բոլոր տեղական հեռուստաալիքների եթերով է հնչեցվել:
«Քանի որ երկրի ողջ տարածքում համեմատական հանգստություն է տիրում, պարետային ժամը չեղյալ հայտարարելու մասին որոշում է կայացվել», - ՌԻԱ-Նովոստի գործակալության վկայակոչմամբ, ասվում է հայտարարության տեքստում:
Հիշեցնենք` երկրում մայիսի 22-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում իշխանության ղեկին հայտնված զինվորականներն անմիջապես տեղաշարժի սահմանափակման ռեժիմ մտցնելու մասին որոշում էին կայացրել. այն նախ ժամը 22:00-ից մինչեւ 05:00-ն էր գործում, իսկ ավելի ուշ` 00:00-ից մինչեւ 04:00-ն:
Պարետային ժամը երկրի հանգստավայրային գոտիներում վերջին երկու շաբաթների ընթացքում փուլ առ փուլ վերացվել էր:





























