Ղազախստանցի պատմաբան Սերգեյ Մարտյանովը հետազոտություն է պատրաստել առ այն, որ հենց Ղազախստանն է այն երկիրը, որտեղ առաջին անգամ տաբատ է պատրաստվել: Նա մտադիր է երկրի անունից միջազգային արբիտրաժային դատարան դիմել` «տաբատի հայրենիք» տիտղոսի իրավունքը ձեռք բերելու համար:
Հետազոտության հեղինակը պնդում է, որ իր հայրենիքն անարժանաբար շրջանցվել է այդ հարցում:
«Վաղ դարաշրջանի պատմաբանները մերձսեւծովյան սկյութներին են հղում անում, բայց խոսքն այստեղ ընդամենը ք. ա. առաջին հազարամյակի մասին է: Սակայն եւս տասը դար առաջ Հյուսիսային Պարսկաստանում ներկայիս «շարովարի» (կոնքերի մասով լայն շալվար) նախատիպը կար: Հարց է ծագում` որտե՞ղ են այդ «թերշարովարները» իսկական տաբատների վերածվել, որ, հույների վկայությամբ, սկյութներն էին կրում: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա մեր տափաստաններում է տեղի ունեցել», - պատմաբանի խոսքերն է մեջբերում «Կազինֆորմ» գործակալությունը:
Գիտնականը գտնում է, որ թեեւ Ղազախստանը նյութական շահ չունի «տաբատի հայրենիք» տիտղոսի ձեռբերումից, բայց եւ այն կարող է երկրի մշակութային կերպարի վրա դրական անդրադարձ ունենալ, հաղորդում է Gazeta.ru-ն:





























