YesNoMaybe կազմակերպությունը Նյու-Դելիում փորձարկում է իրականցրել, որի նպատակը մարդկանց սոցիալական պատասխանատվության ստուգումն էր՝ պայմանավորված վերջին շրջանում կանանց բռնաբարությունների եւ սպանությունների հաճախակի դարձած դեպքերով: Փորձարկման ողջ ընթացքը նկարահանվել է թաքնված տեսախցիկի միջոցով: Տեսանյութը մեկ շաբաթում YouTube-ում ավելի քան 1 մլն դիտում է ապահովել:
Քաղաքի փողոցներից մեկում մգեցված ապակիներով սպիտակ գույնի փակ թափքով մեքենա են կանգնեցրել, որտեղից պարբերաբար կնոջ ճիչ է լսվել, ում իբրեւ թե բռնաբարում են: Փորձարկման նպատակը հետեւյալն էր. Քանի՞ մարդ է պատրաստ օգնության հասնել կնոջը:
Տեսաձայնագրությունում երեւում է, որ չնայած բարձր ճիչերին, մի քանի տղամարդ անտարբերությամբ անցնում են մեքենայի կողքով, որոշները կանգնում են, սակայն այնուհետեւ արագորեն հանգիստ հեռանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջապես հայտնվում է ոչ անտարբեր մի երիտասարդ, ով լսելով ճիչերը, փորձում է բաց անել ավոմեքենայի դուռը, հետո քար է գտնում ապակին կոտրելու համար, սակայն տղային կանգնեցնում է փորձարկման կազմակերպիչներից մեկը եւ բացատրում, որ նրան նկարում են տեսախցիկով:
Հնդկաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում բռնաբարությունների մի քանի դեպքեր են գրանցվել: Վերջին լայն աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում մայիսի վերջին, երբ 14 եւ 15-ամյա քույրերին ենթարկել են խմբակային բռնաբարության, իսկ այնուհետեւ սպանել:











