Կյանքի 88-րդ տարում վախճանվել է լեգենդար ջազ-երգիչ, «Գրեմմիի» դափնեկիր Ջիմի Սքոթը, տեղեկացնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը: Նրա կյանքի թելը ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում է կտրվել` քնած ժամանակ:

Իր ողջ կարիերայի ընթացքում երաժիշտն ավելի քան 20 ձայնապնակ է թողարկել, սակայն բավականին ուշ` 67 տարեկանում է կարողացել փառքի հասնել` «All the way» ալբոմի շնորհիվ: Այն Ջիմի Սքոթին ողջ Եվրոպայում եւ Ասիայում պաշտամունքի հասնող հեղինակություն էր բերել: Ջազ-երգիչը նաեւ «Թվին Փիքս» սերիալի երաժշտական ձեւավորման աշխատանքներին է մասնակցել:

Երգչի վարպետությունը գնահատողների շարքում էին Բիլի Հոլիդեյը, Նենսի Վիլսոնը, Ռեյ Չարլզը եւ Մադոննան: Վերջինս 1994թ. The New York Times պարբերականին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել էր, որ Ջիմի Սքոթը միակ երգիչն է, ով կարողացել է արցունք բերել իր աչքերին, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Սքոթը տղամարդկանց մոտ հազվադեպ հանդիպող բարձր ձայնով՝ կոնտրալտոյով էր հայտնի, ինչը հետևանք էր Կալմանի համախտանիշի՝ հազվադեպ գենետիկ հիվանդության, որը թույլ չի տալիս սեռական հասունության հասնել: Նա երգել է ջազի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չարլզ Մինգուսը, Լեսթեր Յանգը եւ Չարլի Պարկերը: