Ջրային ռեսուրսի վատ կառավարման արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղը մնացել է առանց ջուր, հաղորդում է «ԷկոԼուրը»

Բնակիչները «ԷկոԼուրին» հայտնել են, որ այս տարի ընդհանրապես չեն ջրել իրենց հողերը: Ազատեկի ավագանու անդամ Սեւադա Զաքարյանի խոսքով՝ ջրի խնդիրը գյուղում սկսվել է այն ժամանակ, երբ գյուղի տարածքում հիմնվել են այգիներ: «20 հեկտար այգի են հիմնել, գյուղի եղած ջուրն էլ, եթե մի քիչ ջուր էլ գալիս էր, ամբողջը գնում է այդ այգիներին: Այս տարի ջուր ընդհանապես չենք ունեցել»,- ասել է Սեւադա Զաքարյանը:

Իսկ գյուղապետ Սիրակ Հովսեփյանը պատմել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն աճուրդի է հանել իրենց գյուղի տարածքում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված ջրագծի խողովակները, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը: «Այդ խողովակները հանդիսանում են Ջրպետկոմի գույքը, եւ Ջրպետկոմը աճուրդով մրցույթ է անցկացրել, շինարարը շահել է եւ  այժմ ապամոնտաժում է ուրիշ պոմպակայանի վերանորոգման համար: Եթե հնարավոր է, թող այդ խողովակները օգտագործվեն մեր գյուղի համար, կառուցվի նոր ջրագիծ: Մեր Կեչուտ-Ազատեկ ջրագիծը սպասարկում է մի քանի համայնքների, մեր գյուղը ամենածայրում է գտնվում, համայնքները ջուրը օգտագործում են, մեզ անբավարար ջուր է հասնում»,- ասել է Սիրակ Հովսեփյանը,

Գյուղապետի խոսքով՝ իրենց ջրի խնդիրը կլուծվի միայն նոր ջրագծի կառուցմամբ:

«Բնակիչներն էլ են դեմ խողովակների վաճառքին: «Դա մեր համայնքի համար է կառուցված եղել, ոնց որ գան, մտնեն տունդ եւ ապրանքդ տանեն»,- ասում էին վրդովված գյուղացիներն ու հավելու. «Մենք ջուր չունենք, այդ խողովակներով կարող ենք ջուր քաշել։ Կապ չունի՝ հիմա ում բալանսի վրա է, սա համայնքինն է, ջրագիծը կառուցվել է մեր գյուղի համար, բայց արդեն 4 տարի մեր գյուղ ջուր չի հասնում: Այդ խողովակները պիտի օգտագործվի մեր գյուղի համար, որ ջուր բերեն մեզ, էսպես չի լինի, ոչ պետություն կա, ոչ մտածող։․․․ Այդ խողովակները մերն են, եւ ոչ ոք իրավունք չունի՝ դուրս հանի մեր գյուղից»:

Բնակիչների կարծիքով՝ ջրի պակասի մեջ մեղքի բաժին ունի նաեւ իրենց ջրագծի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ը: Իրենք չգիտեն, թե ում է այն պատկանում, միայն ասացին, որ այն շահագործվում է արդեն երկար տարիներ։

Մանրամասները՝ տեսանյութում: