Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում երեք հայ պատանիներ մրցանակներ են ստացել Գլենդեյլի ոստիկանության հետախույզների ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար: «Glendale News-Press» պարբերականի փոխանցմամբ, ծրագիրը տղաներին հնարավորություն է տվել անձամբ տեսնել, թե ինչ է նշանակում ոստիկան լինել:
17-ամյա Բրայան Ներսեսյանը, 15-ամյա Արամ Տերտերյանը՝ Գլենդեյլից եւ 17-ամյա Հարութ Բանդիկյանը՝ Լոս Անջելեսից, օրերս ավարտել են Գլենդեյլի ոստիկանության հետախույզների ծրագիրը, որը նախատեսված է իրավապահ մարմիններում կարիերայով հետաքրքրված 14-21 տարեկան երիտասարդների համար: Ծրագրի շրջանակում հետախույզները երթեւեկում են ոստիկանների հետ, թռչում են ոստիկանական ուղղաթիռներով, սակայն ժամանակի մեծ մասն անցկացնում են դասարանում: 16 շաբաթ տեւողությամբ ուսուցման ընթացքում պատանիներն Ակադեմիայում մասնակցում են քրեական իրավունքի, հրազենի օգտագործման, ձեռնաշղթաների անցկացման տեխնիկայի եւ այլ դասընթացների:
Ջանասիրաբար աշխատելու համար Հարութ Բանդիկյանը պատվավոր կուրսանտ է դարձել եւ Ռենդի Ֆիլիփսի հիշատակի մրցանակ ստացել: Նա նաեւ առաջին տեղն է գրավել բարձր առաջադիմության համար եւ խրախուսական մրցանակ ստացել՝ ֆիզկուլտուրայի համար: Բրայանին բաժին է հասել երրորդ տեղը՝ ֆիզկուլտուրայի համար, ինչպես նաեւ պատվոգիր: Արամն ուսման մեջ հաջողությունների համար երկրորդ տեղին է արժանացել:





























