Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորը ցավակցություններ է հայտնել հունիսի 14-ին հակաահաբեկչական գործողությունների իրականացման ընթացքում զոհված զինվորականների եւ սահմանապահների ընտանիքներին: Տեղեկությունը ՈւՆԻԱՆ գործակալությանը պետության ղեկավարի մամուլի ծառայությունից են հայտնել:

«Հունիսի 15-ը մեր զինվորականների հիշատակին նվիրված սգո օր կհայտարարեմ: Դա մեծ կարուստ է ոչ միայն ընտանիքների, այլ նաեւ` ողջ երկրի համար: Ուկրաինան սգի մեջ է, բայց մենք վճռականորեն կշարունակենք պայքարը` հանուն խաղաղության», - նշել է Պորոշենկոն:

«Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այսպիսի մասշտաբի ահաբեկչական գործողությանը, անպայման պետք է իրենց պատիժը կրեն: Ահաբեկիչները համարժեք պատասխան են ստանալու», - հավաստիացրել է նախագահը:

Հիշեցնենք` հունիսի 14-ի գիշերը Լուգանսկի օդանավակայանի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ստորաբաժանումների համար հերթափոխ անձնակազմ եւ սննդամթերք տեղափոխող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վայրէջք կատարելիս ահաբեկիչների հարձակման թիրախն է դարձել, որի արդյունքում զոհվել են 49 զինծառայողներ` ներառյալ ինքնաթիռի անձնակազմը: