ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը այս շաբաթ փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հաստատում են, որ 1961թ. հունվարին ԱՄՆ ՌՕՈՒ В-52 օդանավը, որում միջուկային երկու ռումբ կար, պատահաբար կորցրել է սպառազինումը, երբ գտնվում էր օդում՝ Հյուսիսային Կարոլինայի Գոլդսբորո քաղաքից ոչ հեռու, հայտնում է The Independent-ը:
«Միջուկային պայթյուն տեղի չի ունեցել երջանիկ պատահականությամբ. երկու լարերը պարզապես չեն միակցվել» — պատմել է Ռոբերտ Մաքնամարան, որն այն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարն էր: Երկու ռումբն էլ ընկել էին օդանավի հատուկ հատվածից, սակայն ռումբերից մեկը փափուկ վայրէջք էր կատարել բացված օդապարիկի պատճառով, իսկ երկրորդը չէր պայթել ռումբի ներսում վնասված լարի պատճառով:
«Ես լսեցի օդանավի բզզոցը, իսկ հետո՝ բարձր որոտ: Պայթյունի ալիքը ինձ պարզապես դուրս նետեց անկողնից: Ես վազեցի պատուհանի մոտ եւ տեսա, որ իմ դաշտն այրվում է» -պատմում է ականատեսը, որի հողատարածքում էլ տեղի է ունեցել միջադեպը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այնուամենայնիվ, գաղտնազերծված զեկույցում նշվում է, որ 4,5 տոննա կշռող եւ 3,8 մեգատոննա հզորությամբ երկու միջուկային ռումբերն էլ «ըստ էության լիցքավորված» են եղել: Բրիտանական թերթն ընդգծել է, որ համեմատության համար 1945 թ. ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետված ռումբերն ունեին 0,01 եւ 0,02 մեգատոննա հզորություն:
Թերթը նշում է, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, 1950 — 1968 թթ. ԱՄՆ-ի ջերմամիջուկային ռումբերի հետ կապված առնվազն 21 այդպիսի դեպք է տեղի ունեցել:





























