Լեհաստանի հյուսիս-արեւելյան շրջաններից մեկում` Լենժանի քաղաքում ժողովուրդների մեծ գաղթի ժամանակներին` մ.թ.ա IV-V դարերին թվագրվող, դիակիզման ծեսով հուղարկավորություններ վկայող տասնյակ գերեզմաններ են հայտնաբերվել:
Գերեզմանոցը միանգամայն պատահական են գտել` 2012թ. աշնանը` անտառատնտեսական աշխատանքների ժամանակ, իսկ առաջին պեղումներն արդեն անցյալ տարի են մեկնարկել: Գերեզմանոցն ամենահասարակ տեսք ունեցող շիրիմներից է բաղկացած: Հանգուցյալների աճյունափոշին անմիջապես հողի մեջ են դրել կամ էլ` հատուկ կավե անոթներով հուղարկավորել: Այդուհանդերձ, մի քանի մարդկային ոսկորներ եւս հայտնաբերվել են:
«Շիրիմների մեծ մասում նաեւ զարդեր ենք հայտաբերել, հիմնականում` գոտու, ապարանջանի եւ վզնոցի տեսքով: Որոշ դեպքերում էլ հագուստի տարրեր են պահպանվել», - «Գիտություն եւ կյանք» ամսագրի վկայակոչմամբ, պատմել է Վարշավայի համալսարանի հնեաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Ագնեշկա Յարեմեկը` հավելելով, որ հայտնաբերված զարդերը մեծ ի մասամբ բրոնզից են, կան նաեւ` երկաթից եւ արծաթից:
Ժողովուրդների մեծ գաղթը, հնարավոր է` կլիմայական փոփոխությունների արդյունքում, Եվրասիայի տարբեր հատվածներում բնակվող ազգությունների` գոթերի եւ այլ գերմանական ցեղերի, հոների, ալանների, սլավոնների եւ այլոց տեղաշարժի ժամանակահատվածն է ներկայացնում:





























