Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում գրավել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ամբողջությամբ ապակայունացնել Ուկրաինան: Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ ШустерLive-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Պուտինի ծրագիրը շատ հստակ է: Նրա համար ուկրաինական ցանկացած պետականություն մահացու սպառնալիք է… Աշխարհը «պուտինյան ձեւով»՝ այդ Ուկրաինայի ամբողջական հանձնվելն է»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը ձգտում է ռազմական գործողություններ ծավալել ամռանը. «Ռուսները սիրում են ամռանը պատերազմել, երբ մարդիկ զբաղված են օլիմպիադայով, ֆուտբոլի առաջնությամբ, ամառային արձակուրդով: Աբխազիայում պատերազմի գագաթնակետն օգոստոսին էր, Ղրիմում՝ օլիմպիադայի ժամանակ… Նա (խմբ.՝ Պուտինը) պետք է փաստեր ստեղծի: Նա կարծում է, որ այս ամառն իր համար շատ կարեւոր է: Այդ պատճառով Ուկրաինան ընդամենը մի քանի ամիս ունի, հնարավոր է՝ 5-7 շաբաթ, որպեսզի թույլ չտա, որ այդ փաստերն անդառնալի լինեն…»,- ըստ Грузия On-line-ի՝ հայտարարել է Սահակաշվիլին:
«Կարծում եմ՝ Պուտինի ծրագիրը հետեւյալն է. մի քանի ամսվա ընթացքում, քանի դեռ Ուկրաինայի բանակը չի հասցրել ամրապնդվել, նրան դուրս մղել Դոնեցկից եւ Լուգանսկից: Վերաբնակեցված հազարավոր մարդկանց հետ միասին: Ուկրաինային լիակատար տնտեսական էմբարգո հայտարարել եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ Կիեւը հեղեղված կլինի փախստականներով, երբ Ուկրաինան ռազմական դրության մեջ կլինի, տնտեսությունը՝ ազատ անկման մեջ, իսկ մարդիկ արդեն չափազանց դժգոհ կլինեն: Մինչ այդ նա խաղաղության մասին կպատմի»,- վստահ է Վրաստանի նախկին նախագահը:





























