Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պահպանվող ստատուս-քվոն չի կարող երկար շարունակվել: Տեսակետը Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն է հնչեցրել` «Եվրամիություն-Ադրբեջան. նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շուրջ ելույթի ժամանակ:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ խնդիր է Ադրբեջանի համար: «Չնայած հրադադարի ռեժիմի հաստատումից 20 տարի է անցել, դեռեւս խաղաղություն չկա: Մենք ցանկանում ենք, որ կողմերը խաղաղ համաձայնության գան եւ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն` այդ ուղղությամբ: Հարկավոր է ամեն ինչ անել` հարցը միջազգային սկզբունքների հիման վրա լուծելու համար», - նշել է Բարոզուն:

Շեշտելով, որ Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներին, եվրոպացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ կողմերի միջեւ գործընկերությունը խաղաղության եւ բարօրության վրա է հիմնված: Այդուհանդերձ, նրա խոսքով, չի կարելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված մնալու մեղքը Եվրամիության վրա բարդել, քանի որ հիշյալ հակամարտությունն այլ ուժերի ջանքերի գնով է ստեղծվել: