Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հանդես է եկել Ադրբեջանի հետ Հարավային գազային միջանցքի շուտափույթ ստեղծման կողմից, հաղորդում է « Deutche Welle»-ն:

Համապատասխան հայտարարությունը ԵԽ նախագահը կատարել է հունիսի 14-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  նախագծի ընդլայնման եւ արագացման ուղիները:

Բարոզուն Ադրբեջանի նախագահի ուշադրությունը հրավիրել է նրան, որ Հարավային գազային միջանցքը «հիմնական նշանակություն» ունի եվրոպական դիվերսիֆիկացված աղբյուրների եւ մատակարարների համար, ինչպես նաեւ «ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կենտրոնական բաղադրիչ է», հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Բացի այդ Բարոզուն եւ Ալիեւն այցելել են Սանգաչալի տերմինալ, որտեղից գազը պետք է Եվրոպա մատակարարվի: Եվրահանձնաժողովի ղեկավարը համարում է, որ Ադրբեջանից էներգառեսուրսների մատակարարման կազմակերպումը Եվրոպային լրացուցիչ 10 մլրդ խորանարդ մետր գազ կտրամադրի 2019թ.-ին: