Հունիսի 13-ին Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարարության նախաձեռնությամբ Թբիլիսիի Ամբասադոր հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մի քանի կազմակերպությունների ղեկավարներ եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ Վրաստանի վերամիավորման հարցերով հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերում պետական նախարարի առաջին տեղակալ՝ Քեթեւան Ցիխելաշվիլին իր աշխատակիցների հետ ներկայացրեց Վրաստան-Եվրամիության ասոցացման համաձայնագրի մասին զեկույցը պատրաստված լրատվամիջոցների եւ կազմակերպությունների համար:

Քեթեւան Ցիխելաշվիլիի խոսքով՝ շատ կարեւոր է, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունները եւս լիարժեք տեղեկություն ունենան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

Ներկաներին ցուցադրվեց 20 վարկյանանոց տեսահոլովակ, որը հայերենով, վրացերենով, ադրբեջաներենով, աբխազերենով եւ օսերեն լեզուներով պատմում էր Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման դրական հետեւանքների մասին:

Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները տեղեկացան այն մասին, որ 1000 էջից բաղկացած ստորագրվելիք փաստաթուղթը արդեն իսկ հասանելի է ինտերնետում վրացերեն եւ անգլերեն լեզուներով եւ բոլոր ցանկացողները կարող են կարդալ այն:

Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարարության աշխատակիցների խոսքերով, Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը դրական է ազդելու երկրի վրա ցանկացած ոլորտում եւ տանելու է երկիրը նոր զարգացման ու բարեփոխման ուղիով: Այն առնչվելու է երկրի գրեթե բոլոր ոլորտներին:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, մշակութային ինքնության պահպանումը եւ զարգացումը, փոքրամասնությունների լեզվի պաշտպանությունը եւ ազատ օգտագործումը, պետական լեզվի որակյալ ուսուցումը եւս մտնում են 1000 էջանոց ասոցացման համաձայնագրի փաստաթղթի մեջ:

Ըստ տվյալ փաստաթղթի՝ Վրաստանը պարտավորվում է փոփոխություններ մտցնել կրթական ոլորտում, հատկապես ազգային փոքրամասնությունների գծով, դարձնելով մայրենի լեզվով ուսուցումը երկրի ազգային բոլոր խմբերի համար ավելի մատչելի:

Վրաստանը նաեւ հոգալու է մշակութային բազմազանության, մշակութային ժառանգության եւ ինքնության պահպանման ու պաշտպանության համար, ինչպես նաեւ էթնիկ բոլոր խմբերի համար ապահովելու է լիարժեք ինտեգրում պետության ցանկացած ասպարեզում (աշխատանք, պետական կառավարում եւ այլն...):

Բարձրացվելու է սննդի եւ արտադրվող մթերքների որակը, ինչը համապատասխանեցվելու է Եվրոպական չափանիշներին եւ բացելու է նոր շուկա, համաձայնագիրը ստորագրած է բոլոր երկրների համար:

Ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է տալու Վրաստանին ապագայի համար առանց վիզային կարգի անցնելու Եվրոմիության անդամ երկրների հետ:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դրական է ազդելու երկրի տնտեսական աճի վրա եւ ընդհանուր երկրի զարգացման վրա, ինչը հանդիպման կազմակերպիչների խոսքերով՝ մոտ ապագայում զգալու են երկրի բոլոր քաղաքացիները:

Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները իրենց շրջանների բնակիչներին հետաքրքրող հարցերը ուղղեցին հանդիպման կազմակերպիչներին:

Akhaltskha.net-ի հարցը հետեւյալն էր, թե արդյոք դժվարություն չի առաջացնի Վրաստանի ասոցացման համաձայնագիրը Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար Հայաստանի Հանրապետության հետ սահմանը հատելու եւ առեւտրով զբաղվողների մասով, չէ որ Հայաստանը մոտ ապագայում միանալու է մաքսային միությանը եւ հետագայում նաեւ Եվրասիական միությանը ու երկու երկրները մաս են կազմելու տարբեր ազատ առեւտրի պայմանագրերի: Վրաստանի ասոցացման մասով տվյալ հարցը Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար բոլորից շատ հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկն է:

Վրաստանի Եվրոպական եւ Եվրոատլանտյան համակարգում ինտեգրման հարցերում պետական նախարարի ներկայացուցիչ՝ Թոռնիկե Նոզաձեի խոսքով՝ ոչ մի դժվարություն չի առաջանա քանզի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործելու է միջպետական համաձայնագիր, որը եւ կարգավորելու է տվյալ հարցը: Վրաստանի պարագայում ասոցացման համաձայնագիրը չի արգելում երկրին միջպետական հարաբերություններով կարգավորել տվյալ հարցը: Խնդիրը նրանում է թե ինչպիսի կանոնադրություն է ունենալու նոր ձեւավորովող Եվրասիական միությունը նույն հարցի վերաբերյալ, ինչը դեռեւս պարզ չէ:

Նմանատիպ հանդիպումները շարունակվելու են Վրաստանի տարբեր շրջաններում: