Այսօր աշխարհում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է, առաջիկա տարիներին սովորական՝ շիկացման թելիկով լամպերից անցում կատարել դեպի գազապարպումային լամպեր։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի «Սառը պլազմայի» լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ալեքսան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նման լամպերը քիչ էներգիա են ծախսում եւ ունեն ավելի մեծ լուսատվություն, քան սովորական շիկացման թելիկով լամպերը։
Աբրահամյանի խոսքով՝ գազապարպումային լամպերի նախատիպերը ՖԿՊԻ-ում ստեղծվել են դեռևս 1998-ին: Մինչ այժմ լուսատվիչներ արտադրող խոշորագույն ընկերությունները մեծ ծավալի ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի կատարեն համարժեք հետազոտական աշխատանքներ, սակայն արդյունքում չեն ստանում այնպիսի բնութագրեր, ինչպիսիք ստացվել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում՝ նկատի ունենանալով նրանց տեխնիկական հագեցվածությունը և ֆինանսական ծավալները:
«Այսօր Philips ընկերության լամպերի արտադրման տեխնոլոգիան ձգտում է մեր կողմից դեռեւս 1998 թվականին նախագծված և մշակված լամպերի և լուսատվիչների տեխնոլոգիաներին, բայց դեռ ապարդյուն»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ մինչ օրս ինստիտուտը փնտրում է համագործակցող կողմեր, որոնց հետ կարող է դառնալ մրցակից արտադրող միջազգային շուկայում, սակայն, դեռեւս չկան կոնկրետ համագործակցության ծրագրեր:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտնականները, ըմբռնելով լուսատվիչների զարգացման փուլերի առանձնահատկությունները, 1990-ական թվականներից սկսել են հիմնարար հետազոտություններ սառը պլազմայի հնարավոր կիրառությունների բնագավառում: Այս աշխատանքները ակադեմիկոս Ա.Ռ. Մկրտչյանի անմիջական ղեկավարությամբ և ֆ.մ.գ.թ. Ա. Աբրահամյանի ջանքերով իրականացվել են սույն ինստիտուտում, արդյունքում ստացվել են եզակի արդյունքներ, որոնք դեռևս չունեն նախատիպեր: Այդ օրինակներից մեկն է ակուստապլազմային գազապարպումային լամպը, որն իր բոլոր բնութագրերով գերազանցում է աշխարհում գոյություն ունեցողներին:


























