Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս շաբաթ Գերագույն Ռադայում կներկայացնի իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծը: Այս մասին համաձայնեցման խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

«Ես խոսել եմ նախագահի հետ: Նա այս շաբաթ ծրագրում է իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել», - ասել է Տուրչինովը, հաղորդում է UNN-ը:

Նա հավաստիացրել է, որ բոլոր պատգամավորները կարող են ծանոթանալ այդ նախաձեռնության հետ:

Ավելի վաղ Տուրչինովը ասել է, որ Սահմանադրության բարեփոխումների սկզբունքային ուղղությունները պետք է լինեն տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների ընդլայնումը, իշխանության բոլոր ճյուղերի միջեւ հավասարակշռությունը, անկախ դատական իշխանության ճյուղի զարգացումը, իշխանության աշխատանքների նկատմամբ հասարակության վերահսկողության ապահովումը՝ հավելելով, որ այդ քայլերը պետք է ապահովեն Ուկրաինայում ժողովրդավարական փոփոխությունների հիմքերը: