Իտալական Բարիում հրապարակել են Եվրոպայում «ռուսական մաֆիայի», մասնավորապես՝ ազդեցիկ «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի դատավճիռը: Նրանք մեղավոր են ճանաչվել հանցավոր խմբավորում ստեղծելու եւ փողերի «լվացման» համար:
Դատարանի առջեւ են կանգնել ութ «օրենքով գողեր», այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումցի), Բեսիկ Կուպրաշվիլին (Բեսո) եւ Թեմուր Նեմսիցվերիձեն (Ցրիպա): Նրանք մեղադրվում էին մաֆիական տիպի հանցավոր խմբավորում ստեղծելու, գողություն կազմակերպելու, շորթման, փողերի լվացման, կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:
Բարիի դատախազը խնդրել է «օրենքով գողերին» երկարաժամկետ ազատազրկման դատապարտել, սակայն դատարանը հանել է ամենածանր մեղադրանքը՝ մաֆիայի հետ կապը: Արդյունքում, Մերաբ Ջանգվելաձեն դատապարտվել է 4 տարի եւ 8 ամսվա, իսկ մյուս մեղադրյալները՝ 3 տարի եւ 2 ամսվա ազատազրկման: Հղում կատարելով իրավապահ մարմիններին՝ այս մասին տեղեկացնում է Росбалт-ը:
Նշվում է, որ Իտալիայում հաստատված հանցագործներին իրավապահները սկսել են հետեւել 2012 թվականի սկզբից, ձայնագրել են նրանց հեռախոսային խոսակցությունները: Զրույցի ընթացքում «օրենքով գողերը», (մասնավորապես՝ Ջանգվելաձեն), քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) վերացնելու ծրագիրը, ով էլ արդյունքում դիպուկահարի կողմից սպանվեց 2013 թվականի հունվարին, Մոսկվայում:




























