Ադրբեջանական մամուլը ջանասիրաբար փորձում է սկանդալ գտնել այնտեղ, որտեղ չկա: «Օրվա թեման, իհարկե, Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարն ու դրան հայկական պատվիրակության մասնակցությունն է:

ԱՊԱ-ն փոխանցում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի ելույթը  Բաքվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ի սեմինարին «սկանդալի է հանգեցրել»:

Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները դեռ չեն կարողանում հասնել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու եւ փոխադարձ զիջումների գնալու համար: Ըստ Մեթյու Բրայզայի` չնայած որ ԵԱՀԿ ՄԽ-ն երկար տարիներ ջանքեր է գործադրում  հիմնախնդիրը կարգավորելու համար, խնդիրը դեռ լուծված չէ: «Պետք է շարունակել աշխատանքը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորման հարցում  ռազմական տարբերակի  օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ»: Իր ելույթում Բրայզան չի նշել հիմնախնդրի պատճառները եւ կողմերին կոչ է արել ընդհանուր լեզու գտնել:  Թե որն է եղել ելույթի «սլկանդալային բնույթը», պարզ չէ:

Հայաստանի պատվիրակությունը ողջունել է Մ. Բրայզայի ելույթը եւ ցանկացել է խոսք վերցնել: «Սակայն միջոցառման վարող, ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Հյու Բեյլին նրանց կոչ է արել հետեւել կանոնադրությանը: Այնուհետեւ խոսք է տրվել հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանին», - գրում է ԱՊԱ-ն` բնավ էլ չամաչելով անհեթեթ շարադրանքից:  Նահապետյանը «շեղվել է թեմայից եւ Ադրբեջանից պահանջել հեռացնել դիպուկահարներին շփման գծից»:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակութան անդամ Թեւան Պողոսյանը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի մասին:

Սեմինարը շարունակվել է ընդմիջումից հետո: