Հունիսի 16-ին Վիեննայում մեկնարկել են Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» հերթական՝ հինգերորդ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի հարցով: Հանդիպմանը մասնակցում են Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը: Այս մասին Twitter-ում գրել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մենը:

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» պայմանավորվել էին վերացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ընդ որում, երկիրը շարունակելու է ուրանի հարստացումը: Այս մասին հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Իսկ նախօրեին Թեհրանում ավարտվել են այդ երկրի միջուկային թղթածրարի շուրջ Գերմանիայի եւ Իրանի երկկողմ խորհրդակցությունները:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, կողմերն անհրաժեշտ են համարել իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի տեքստը սկսել գրել արդեն Վիեննայի այս բանակցությունների փուլում, որը տեւելու է մինչեւ հունիսի 20-ը: «Ռոսբալտի» փոխանցմամբ, Իրանի եւ «վեցնյակի» այս հանդիպումից առաջ Թեհրանը երկկողմ խորհրդատվություններ է անցկացրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ: